ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե «Արևմուտքը սլավոններին պաթոլոգիապես չի սիրում»: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները վկայում են ոչ միայն ռուսաֆոբիայի, այլև «գենետիկ մակարդակով սլավոնաֆոբիայի մասին»:
«Ինտերֆաքսին» տված հարցազրույցում նա ասել է, թե պատժամիջոցների հետևում կանգնածներին կարելի է կասկածել սլավոնների դեմ պայքարելու մեջ: «Սլավոնական ժողովուրդների նկատմամբ նման վերաբերմունքը լավ ոչնչի չի հանգեցնի»,- զգուշացրել է նա: ԱՄՆ-ը և ԵՄ-ն բազմաթիվ բնագավառներում համագործակցում են սլավոնական բնակչությամբ երկրների հետ: ՆԱՏՕ-ի անդամ են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Խորվաթիան, օրերս էլ Հյուսիսատլանտյան դաշինքին միացավ Չեռնոգորիան: Մի քանի սլավոնական երկրներ անդամակցում են Եվրամիությանը: